
Շանթալ Ակերմանի «Արևելքից» ճամփորդական օրագիրը սկսվում է նոր-նոր միավորված Գերմանիայից ու անցնելով Լեհաստանի, Լիտվայի, Բելառուսի և Ուկրաինայի տարածքով հասնում է (չ)իրադարձությունների հիմնական վայր՝ ձմեռային Մոսկվա:
Ֆիլմը կառուցված է մասնավորի ու հանրայինի՝ բնակարանների ու փողոցների հակադրվող ու համադրվող տեսարանների շուրջ: Այստեղ չկա «սյուժե», չի բեմադրվում «իրավիճակ»
. ռեժիսորը կինոխցիկի դիմաց հայտնվածների հետ ուղիղ շփման չի գնում, ոչինչ չի ավելացնում։ Բնակարանային տեսարաններում մի պահ տպավորություն է ստեղծվում, որ ահա, կերպարներից մեկը «կնկատի» կամեռան ու կսկսի պատմել իր պատմությունը: Բայց ոչ. ներկլանված՝ մարդիկ շարունակում են արարողություններ վերարտադրել՝ թեյ խմել, երշիկ կտրել, զուգվել, դաշնամուր նվագել անձայն հեռուստացույցի ֆոնին: Մարդիկ և արթուն են, և քնած. օրերի ու գիշերների, ցանկությունների ու մտքերի մեջտեղում: Գլխավոր հերոսն «անգործությունն» է՝ Ակերմանի շատ այլ ֆիլմերին համահունչ:
Էլ ավելի գեղանկարչական են էքստերիերները: Կանգառներում ու կայարաններում հերթերի մեջ շարված շվարած մարդիկ սպասում են: Կամեռայի դանդաղ թրեվելինգը նկարում է անժամանակության մեջ հայտնված տասնյակ, հարյուրավոր դիմանկարներ: Ավտոբուսը քանի ժամ է չի գալիս: Ու թվում է՝ էլ երբեք չի գա:
Հանդիսատեսն էլ սպասողական վիճակում կարող է հայտնվել, թե ակնկալի ավանդական կինոպատում տեսնել: Ակերմանը ստեղծում է զննողական «համր կինո»: Այն նույնիսկ երբեմն ցուցադրվում է կենդանի երաժշտական նվագակցությամբ: Թեպետ ֆիլմի բնօրինակ ձայնային լանդշաֆտը ինքնին ազդեցիկ է. համերգասրահում թավջութակահար Նատալյա Չախովսկայայի՝ Չայկովսկու սյուիտայի մենակատարությունը հակադրվում է ռեստորանային երգչախմբի ելույթին, բացօթյա դիսկոտեկի աղմուկը՝ դատարկ փողոցների լռությանը:
