Չ-քաղաքականացնել
Կինոյով զբաղվող մարդիկ պիտի հեռու մնան քաղաքականությունից՝ Բեռլինալեի բացմանը նախորդող ասուլիսին ասում էր ժյուրիի նախագահ Վիմ Վենդերսը, որին լրագրողները հարցեր էին տալիս Պաղեստինի մասին։ Կինոյով զբաղվող հարյուրից ավել մարդիկ Վենդերսի հայտարարությանն արձագանքեցին բաց նամակով․ ապաքաղաքականության հետևում թաքնվելու փոխարեն նրանք պահանջում էին Բեռլինալեից միանշանակ դիրքորոշում հայտնել պաղեստինցիների ցեղասպանության դեմ (ինչպես դա արվել է այլ հակամարտությունների՝ օրինակ, Ուկրաինայի պարագայում) և դադարեցնել Իսրայելին ամեն կերպ պաշտպանելու քաղաքականությունը։ Բաց նամակին միացել էին Թիլդա Սուինթոնը, Խավիեր Բարդեմը, Քեն Լոուչը և Նան Գոլդինը։ Բեռլինի կինոփառատոնը հովանավորվում է Գերմանիայի կառավարության կողմից, որն աջակցում է Իսրայելին։ Փառատոնի լռությունը քննադատները մեկնաբանում էին որպես պետական գրաքննության հետևանք։ Պաղեստինի հարցը դեռ բարձրացվելու էր Բեռլինալեի ցուցադրությունների և ընթացիկ ասուլիսների ժամանակ, և արձագանքը լինելու էր նույնը՝ ծափահարություններ ի աջակցություն Գազայի, վանկարկումներ ընդդեմ ծափահարողների, չքաղաքականացնելու «նեյտրալ» կոչեր։

Բեռլինալեն կես դար շարունակ եղել է մեծ կինոփառատոններից ամենաքաղաքականացվածը, ուստի ապաքաղաքական կինոարվեստին ապավինելու փորձերը տարօրինակ են նույնիսկ ներքին ավանդույթի տեսանկյունից։ Կարելի է հիշել 1970 թվականը։ Մրցույթում ընդգկրված էր Միխայել Ֆերհյովենի «О. К.» ֆիլմը, որը վերարտադրում էր Վիետնամական պատերազմից մի դրվագ՝ 1966 թիվ, ամերիկացի չորս զինվորականներ առևանգում, բռնաբարում և սպանում են վիետնամցի մի աղջկա: Միջազգային ժյուրին, որը գլխավորում էր ամերիկացի ռեժիսոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ջորջ Սթիվենսը, պահանջեց «հակաամերիկյան» ֆիլմը հանել մրցույթի ծրագրից։ Ժյուրիի անդամ, հարավսլավացի ռեժիսոր Դուշան Մակավեևը դեմ էր այդ որոշմանը։ Փառատոնի տնօրեն Ալֆրեդ Բաուերը (որի մասին մի առանձին տեքստ կարելի է գրել) հրաժարվեց կատարել ժյուրիի պահանջը: Կոնֆլիկտը Սթիվենսի ու Բեռլինալեի միջև շարունակեց խորանալ, ռեժիսորներից շատերը՝ գրաքննության դեմ բողոքելով, հեռացրեցին իրենց ֆիլմերը մրցույթից, ժյուրին ինքնալուծարվեց, փառատոնն ընդհատվեց, և տնօրինությունը ստիպված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել։ Բեռլինալեի ապագան կախված էր օդում։ Ճգնաժամն ի վերջո բերեց փառատոնի մոդեռնիզացման, Բեռլինալեի շրջանակներում ստեղծվեց նոր սեկցիա՝ «Ֆորում», որը մինչև հիմա մնում է ամենաէսպերիմենտալ և նորարարարական ֆիլմերի հանգրվանը։
Շրջանը փակվեց
2025-ին Բեռլինի կինոփառատոնի նոր անձնակազմը՝ ամերիկացի տնօրեն Թրիշա Թաթլի ղեկավարությամբ, մի քանի նոր գաղափար ներմուծեց: Օրինակ, չեղարկվեց «չափից դուրս սինեֆիլական» Encounters ծրագիրը, փոխարենը ստեղծվեց Perspectives-ը՝ կազմված դեբյուտային լիամետրաժ ֆիլմերից: Նպատակը «բերլինալեցի» ռեժիսորների սերունդ աճեցնելն էր: Նախկինում էլ փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկվում էին բազմաթիվ «առաջնեկ» աշխատանքներ և կար հատուկ ժյուրի, որը միջծրագրային մրցանակ էր հանձնում լավագույն դեբյուտի համար: Դեբյուտներից առանձին ծրագիր կազմելու նպատակահարմարությունն, այսպիսով, հարցականի տակ է մնում, և արդեն երկրորդ տարին է, ինչ Պերսպեկտիվներում ընդգրկված ֆիլմերը մեծ հույսեր չեն ներշնչում հեղինակների հեռանկարների վերաբերյալ:

Այս տարվա հաղթողը՝ Աբդալլահ Ալ Խաթիբի «Պաշարման քրոնիկոններ» (Chronicles from the Siege) ֆիլմը, պատկերում է կենցաղն ու առօրեկանությունը Գազայում տիրող անմարդկային պայմաններում: Ֆիլմը կազմված է ժանրային ու ինտոնացիոն տարբեր երանգավորումներ ունեցող մի քանի էպիզոդներից. մարդիկ կռիվ են անում մի հատիկ սիգարետի համար; սիրեցյալները ոչ մի կերպ չեն կարողանում սեքսով զբաղվել՝ անընդհատ մի բան խանգարում է; ընկերների խումբը հայտնվում է լքված «պռակատնոցում»․ չնայած մրսած են, չեն կարողանում որոշել՝ վառել, թե չվառել մանկության վիդեոկասետները: Տպավորություն կա, որ Ալ Խաթիբի «ուսանողական» ֆիլմի հաղթանակը պայմանավորված է քաղաքական մոտիվներով և ընդհանուր ծրագրի թուլությամբ: Քրոնիկոնները, ի տարբերություն պաղեստինյան շատ այլ ֆիլմերի, դժվար թե շարունակեն փառատոնային հաղթարշավը: Ֆիլմը չունի կինեմատոգրաֆիստական առաքինություններ կամ նույնիսկ պրոպագանդիստական ներուժ, զուրկ է «Չկա այլ հող»-ի վլոգային ուղղագծությունից և ճշմարտացիությունից կամ «Հինդ Ռաջաբի ձայն»-ի արհեստավարժությունից և զգացմունքայնությունից:
Մրցանակաբաշխության ժամանակ ռեժիսոր Աբդալլահ Ալ Խաթիբը բեմ բարձրացավ քեֆիյեով, ազգային դրոշով, տեքստ կարդաց Պաղեստինում ցեղասպանության մասին. «Մենք հիշելու ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած էին մեր կողքին, բայց և հիշելու ենք նրանց, ովքեր կանգնել էին մեր և մեր արժանապատիվ ապրելու իրավունքի դեմ, հիշելու ենք նաև նրանց, ովքեր նախընտրեցին լռել»: Նա դիմեց Գերմանիայի իշխանություններին. «Դուք Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության աջակիցն եք»: Հնչեցին ծափահարություններ և անեծքներ։ Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարը լքեց տարածքը: Ելույթն ավարտվեց, հանդիսավոր արարողությունը հաղորդավարի մեղմ ու դիպլոմատիկ կարգադրությունների ներքո թևակոխեց հաջորդ փուլ:

Արդեն փառատոնի ավարտից հետո խոսակցություններ էին պտտվում տնօրեն Թրիշա Թաթլի հնարավոր հեռացման մասին։ Ասում էին՝ Գերմանիայի մշակույթի նախարարությունում շատ զայրացած են, նախարար Վոլֆրամ Վայմերը մեղադրում է Թաթլին փառատոնը «պրոպաղեստինական քարոզի հարթակ դարձնելու» և «Պաշարման քրոնիկոնների» անձնակազմի հետ լուսանկարվելու համար:
Բաց նամակ գրելու հերթն ի վերջո հասավ գերմանական կինոակադեմիայի անդամներին։ Պաշտոնյաներից նրանք պահանջում էին «երաշխավորել և հարգել Բեռլինալեի անկախությունը»․ «Մշակույթը չպետք է դառնա քաղաքական վեճերի խաղաքարտ: Պետական միջամտության փորձերը վտանգավոր ազդանշան են»։ Թաթլին և Բեռլինալեին աջակցող ստորագրահավաքին մասնակցում էին հարյուրավոր կինոգործիչներ։ Բաց նամակին այս անգամ միացել էր ոչ միայն Թիլդա Սուինթոնը, այլ նաև Վիմ Վենդերսը։ Շրջանը փակվեց:
