Զանգեր խորքից

Համաշխարհային կինոյի գուցե գլխավոր ճանապարհորդ Վերներ Հերցոգի «Զանգեր խորքից» ֆիլմը բաղկացած է Ռուսաստանում հավատքի ու սնահավատության մասին պատառոտ էսքիզներից: 

Սիբիրցի շամանը  բուժիչ ըմպելիք է պատրաստում: Կախարդ Յուրի Տարասովը վտարում է չար ոգիներին դիվահար կանանց մարմիններից: Ինքն իրեն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստ հայտարարած Սերգեյ Անատոլյեվիչ Տորոպը թափառում է հանրակացարաններով ու ընչազուրկներին այցելում: Բուժարար ու էքստրասենս Ալան Վլադիմիրովիչ Չումակը ձեռքերի արտահայտիչ շարժումներով տիեզերական էներգիան բեմից փոխանցում է համերգասրահում հավաքված հանդիսատեսին: 

Էքստրասենս Չումակի «դիրիժորությունը» տեսողական հանգավորում է ստանում ժամհար Յուրի Յուրյևիչ Յուրյևի շարժումներում: Առաջ նա կինո էր ցույց տալիս, հիմա զանգ է զանգում՝ իր գործն ընկալելով որպես արվեստ՝ ևս մի կրոն իր քրմերով ու նահատակներով: Միջնադարյան Ռուսաստանում «Յուրիի օրը» գյուղացիները իրավունք ունեին մի կալվածատիրոջից մյուսին անցնել. ժամհարը ժամանակների ու տերերի արանքում հայտնված երկրի մարմնավորումն է: Համընկնող անուն-ազգանուն-հայրանունով տղամարդն ինքն իր համար և հայր է, և ընտանիք. ոչինչ չգիտի ծնողների մասին. հավանաբար Ստալինն ու մեծ պատերազմն են սպանել:

Գյուղացի մի կին վկայում է պոչավոր-պոզավոր դևի հետ իր առերեսման մասին: Մյուսը հիշում է իր վրա հարձակված վայրի խոզի դեպքը. պոլիկլինիկայում կատաղահարվածությունից սրսկումը չի պատվաստում առասպելական աշխարհայացքի դեմ: Մարդիկ շարունակում են ապրել կիկիմորաներով ու վիշապներով շրջապատված: Դեռ որոնում են Կիտեժ անտեսանելի քաղաքը, որն իր բնակիչներով հանդերձ սուզվել է Սվետլոյար լճի տակ՝ թաթար-մոնղոլական հարձակումներից փրկվելու համար, և մինչ օրս մնում է այնտեղ՝ հասանելի միայն մաքուր սիրտ ունեցող մարդկանց: Հերցոգը պատկերում է ուխտագնացներին. ամռանը չոքեչոք պտույտներ են անում լճի շուրջ, իսկ ձմռանը բարակ սառույցի վրա սողեսող շարժվում են դեպի լճի կենտրոն՝ կորսված քաղաքը նշմարելու հույսով: Մեկը՝ հոգևոր երանության մեջ, անշարժ զննում է լճի խորքը:

Ֆիլմի մասին պատմելիս, սակայն, Հերցոգն ինքն է դեսակրալիզացիայի դիմում, վերադարձնելով «ծեսերին» դրանց առաջնային իմաստը: «Ծնկաչոք հավատացյալները» անտառասունկ հավաքողներ են, «սառցակալած սողացող ուխտագնացները»՝ Հերցոգի կողմից վարձված տեղացի հարբեցողներ: «Զննողն» ուղղակի քնել էր փորի վրա պառկած: