Տրոհում
Decay / Collapse / Распад, Միխայլո Բելիկով, 1990
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին առաջին խաղարկային ֆիլմը։

«Ռասպադը» տեղավորվում է և հոլիվուդյան աղետ-ֆիլմ ենթաժանրի ավանդույթում՝ բազմաթիվ կերպարներով ու զուգահեռվող իլյուստրատիվ սյուժետային գծերով (զինվորական երաժիշտները մեկնում են մայիսմեկյան հանդեսի, սիրահարվածների զույգը հանգստանում է անտառում՝ գաղափար չունենալով տեղի ունեցածի մասին, մանուկ տղան հրաժարվում է հեռանալ Գոտուց՝ հանուն վարակված փիսիկի), և վերակառուցման շրջանի «սև կինոյի»՝ չեռնուխայի ընդհանուր համատեքստում․ ընտանիքն ու երկիրը՝ ամեն ինչ ճաքճքում է, տրոհվում ու քայքայվում խամրող «Սվեմա» ժապավենի վրա։
Ողջ հասարակությունը կառուցված է ստի վրա։ Լրագրող Ալեքսանդր Ժուրավլյովին վերադասները հրահանգում են աղետի հետ կապված «չտարածվել», փոխարենը հանձնարարում են գրել մոտալուտ մայիսյան տոների մասին։ Կինը դավաճանում է մանկության ընկերոջ հետ։ Հեռուստացույցով՝լուրերի փոխարեն ամբողջ օրը հեծանվավազք։ Մամլո ասուլիսին պաշտոնյաները հայտարարում են․ «Ռադիոակտիվ ֆոնը թույլատրելի նորմայից ցածր է»։

Խռովություններ անցակետերում ու կայարաններում, Կիևի «Դինամոյի» երկրպագուները մեքենաներ են շրջում։ Այս «պրոմոկաշկա» ֆիլմը կլանում է ամենուր տիրող քաոսը՝ կատակերգականը ողբերգականի հետ, կենցաղայինը՝ մետաֆիզիկականի։ Գեգերը երբեմն բացահայտ «զուգարանային» մակարդակի են, մերկությունը՝ միաժամանակ անտեղի ու անխուսափելի, իսկ սյուրռեալիստական մղձավանջային դրվագները հարևանում են վավերագրական կադրերի և իրական իրադարձությունների վերակառուցման հետ։
Արդեն իսկ բազմաձայն ֆիլմը լցվում է ավելի խոշոր իմաստներով ու փոխաբերություններով։ Քրիստոսի Հարությունը ներկայանում է որպես մի տեսակ էսխատոլոգիական գործողություն։ Բնակարանային խնջույքը վերածվում է իսկական խրախճանքի ժանտախտի ժամանակ (հիշեցնում է Ալեքսանդր Մինդաձեի՝ ավելի քան քսան տարի անց նկարահանված «Շաբաթ օրը» ֆիլմը)։ 1986-ին «Լիկվիդատորները» կարմիր դրոշ են բարձրացնում ռեակտորի տանիքին՝ ինչպես կարմիր բանակայինները 1945-ին Ռայխստագի վրա։

Զգացմունքային արձագանքը ձևավորվում է աուդիովիզուալ լուծումներով․ ուղղաթիռային թռիչքներ «Սլավոնուհու հրաժեշտը» և Ալբինոնիի «Ադաջիոյի» ներքո, հրշեջների շարասյունը շարժվում է դեպի Գոտի, Լենինի հսկա պաստառը մենակ է մնացել դատարկված Պրիպյատում։ Ֆիլմը բացվում և փակվում է Վիսոցկու «Ամեն ինչ այնպես չէ» երգով։ Աշխարհը արատավոր շրջան է։ Եվ շատ շուտով հեծանվավազքին կհաջորդի «Կարապի լիճը»։
