Լեա Սեյդուի ու Լորենս Ռուպի մարմնավորած ամուսինները ապրում են աղմկոտ մեգապոլիսներից հեռու՝ բնության գրկում գտնվող առանձնատանը: Կինը՝ ֆրանսիացի երաժիշտ, տղամարդը՝ ավստրիացի ռեժիսոր, միասին դաստիարակում են մանկահասակ որդուն: Ամուսնու երբեմն արտահայտվող խուճապային գրոհները չհաշված՝ դրախտային իդիլիա: Բայց ներդաշնակ կյանքը փլում է մեկ ակնթարթում, երբ վաղ առավոտյան նրանց այցելում է ոստիկանական ջոկատը: Ոչ, սա նեթֆլիքսի Adolescence-ը չի, ուժայիններն այստեղ երեխայի հետևից չեն եկել, այլ նրա հայրիկի, որը, պարզվում է, մանկապիղծների դարքնեթ-ֆորումի ակտիվ անդամ է:
Այդ պահից ֆիլմը սկսում է կենտրոնանալ Լեա Սեյդույի կերպարի վրա, որն անցնում է վշտի տարբեր փուլերով։ Անընդհատ տատանվելով, այս ու այն կողմ ընկնելով, ամեն ինչ կասկածի տակ դնելով՝ նա փորձում հասկանալ, որքան մեծ է ամուսնու մեղավորության աստիճանը։ Սերը կոճակ չունի, որ ուղղակի անջատես: Միակ բանը, որ մնում է անել՝ կողպել դուռը ամենահարազատ մարդուց պատսպարվելու համար:

Քնքուշ հրեշը նաև արտաֆիլմային պատմություն ունի: 2022 թվականին ռեժիսոր Մարի Կրոյցերը նկարեց Կորսաժ պատմական դրաման, որում Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ին մարմնավորում էր դերասան Ֆլորիան Թայխտմայստերը։ 2023-ի սեպտեմբերի 5-ին Թայխտմայստերը մեղավոր ճանաչվեց և Վիեննայի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնություն պարունակող ավելի քան 76,000 ֆայլեր պահելու և մշակելու համար։
Հարցազրույցներում Մարի Կրոյցերը նշում էր, որ ասեկոսեների մասին իմացել է, երբ նկարահանումներն արդեն գրեթե ավարտված էին, ու քանի դեռ դատարանի կողմից հաստատված ապացույցներ չկային, չէր կարող հեռացնել անձնակազմի անդամին՝ հիմնվելով զուտ խոսակցությունների վրա: Կրոյցերին այն ժամանակ մեղադրում էին սեփական ֆեմինիստական հայացքներին հակասելու մեջ։ Ու թեև Քնքուշ հրեշի գաղափարը նա ավելի շուտ էր մտածել, ուղղակի անհնար է անտեսել կապն իրական դեպքերի և ֆիլմի բովանդակության միջև:
