Լավագույն ռեժիսոր ճանաչված Գրանտ Գին նախկինում վավերագրականներ էր նկարում հայտնի ռոք խմբերի մասին՝ Radiohead, Joy Division, Gorillas: «Բոլորը սիրում են Բիլ Էվանսին»-ը նրա առաջին խաղարկային ֆիլն է։ Սյուժեն կառուցված է ջազմեն Էվանսի կյանքից որոշ դրվագների շուրջ: Տասնամյակից տասնամյակ թռնելով՝ Գին կիրառում է տարբեր ֆորմատներ։ Սևուսպիտակ վաթսունականները, վառ թթվային 70-ականները՝ ոճային հնարքներն ինչ-որ տեղ քողարկում են ֆիլմի անկենդանությունը, որը հանգավորվում է մելամաղձոտ թմրամոլ հերոսի ներքին դատարկության հետ:

Սցենարական արծաթե արջը հանձնվեց «Նինա-Ռոզա» ֆիլմի հեղինակ Ժենևյև Դյուլյուդ Դե Սելլին: Տունդարձի տիպային պատմություն է։ Արվեստաբան Միխայիլը լքել է հայրենի Բուլղարիան 1990-ականներին՝ կնոջ մահվանից հետո, և Մոնրեալում միայնակ մեծացրել դստերը՝ Ռոզային։ Տարիներ անց մի հավաքորդ հանձնարարում է նրան հաստատել բուլղարական գյուղում ապրող ութամյա հրաշամանուկ նկարչուհու՝ Նինայի աշխատանքների իսկությունը։ Գործի բերումով նա վերադառնում է հայրենիք, վերադարձը թաքնված զգացմունքներ է արթնացնում և հաշտեցնում հերոսին սեփական անցյալի ուրվականների հետ:
Մցույթում ընդգրված միակ վավերագրական ֆիլմը՝ Աննա Ֆիթչի և Բենքեր Ուայթի «Յո»-ն, պարգևատրվեց բացառիկ ստեղծագործական նվաճումների համար: Աննան պատմում է իր արտասովոր ընկերության մասին․ 24 տարեկանում ծանոթացել և մտերմացել է 73-ամյա Յոյի հետ: Ընկերուհու մահից հետո Աննան կառուցում է նրա տան 1/3 մասշտաբի տարբերակը. ներսում ապրում է տիկնիկ-Յոն։ Մրցանակը կարծես թե շնորհվել է մակետի և տիկնիկի համար: Երբ քսան խաղարկային ֆիլմերի հետ մեկտեղ ծրագրում ընդգրկվում է ընդամենը մեկ վավերագրական՝ ակամա ինչ-որ բացառիկություն կամ գոնե արդիականություն ես ակնկալում, ինչպես անցյալ տարիներին էր՝ «Դահոմեա»-ի, «Ժամանակի ժապավեն»-ի դեպքում։ Ցավոք, «Յո»-ն ընդամենը անձնական կինոյի կարծրատիպային օրինակ է:

Ժյուրիի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Լանս Համերին, որը գրեթե քսան տարվա դադարից հետո մեծ կինո վերադարձավ «Թագուհին ծովի մոտ» ֆիլմով: Ժուլիեթ Բինոշի մարմնավորած Ամանդան ժամանակավորապես տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի ավելի մոտ լինի դեմենցիայից տառապող մորը՝ Լեսլիին: Երբ հայտնաբերում է, որ խորթ հայրը սեքսով է զբաղվում Լեսլիի հետ, Ամանդան ոստիկանություն է կանչում: Բյուրոկրատական մեքենան ներխուժում է ընտանիքի կյանք՝ իրավիճակը դարձնելով ավելի բարդ ու հակասական: Եվս մեկ սյուժետային գիծ՝ Ամանդայի դեռահաս դուստրը փորձում է հարմարվել նոր քաղաքին․ նոր ընկերներ, սիրահարվածություն, առաջին սեքս: Վերջաբանում համադրելով երկու ծայրահեղ «մարմնական» տեսարաններ՝ երիտասարդությունն ու ծերությունը, ծաղկումն ու թառամումը, Համերը ֆիլմին հաղորդում է «զննողական» չափում՝ մշտական շրջան, մարդկային ճակատագիր:
Թագուհին միակ ֆիլմն է, որը հաղթել է միաժամանակ երկու տարբեր անվանակարգերում։ Երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգևատրվեց ֆիլմի տարեց զույգը՝ Թոմ Քորթնին և Աննա Քալդեր-Մարշալը, երկուսը միասին նրանք գրեթե 170 տարեկան են:

Եթե կա արդարություն՝ ապա հենց դերասանների նկատմամբ: Գլխավոր դերի համար մրցանակ շնորհվեց Սանդրա Հյուլերին՝ «Ռոզե»-ի (մրցույթի հավանաբար լավագույն ֆիլմի) համար: XVII դարի սկզբին՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ, գերմանական մեկուսացված գյուղ է ժամանում մի խորհրդավոր զինվոր։ Անծանոթը հայտարարում է, թե վաղուց լքված ագարակի օրինական ժառանգն է, և իր խոսքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում տեղի բնակիչներին։ Ժամանակի ընթացքում նա փարատում է գյուղացիների կասկածները, ապացուցելով, որ աշխատասեր ու աստվածավախ մարդ է, դառնում համայնքի լիիրավ անդամ։ Կանխատեսելի է, որ պատմությունը հիմնված է մեծ ստի վրա։ Հյուլերի կերպարը մի քիչ Ժաննա դ’Արկն է, մի քիչ Թիլ Ուլենշպիգելը՝ որպես տղամարդ ներկայացող կին, որին համարյա թե հաջողվում է խաբել բոլորին, նույնիսկ ճակատագրին։ Վերջին տարիներին Բեռլինալեն հրաժարվել է դերասանական մրցանակների գենդերային բաժանումից: «Դերասանների» ու «դերասանուհիների» փոխարեն պարգևատրում են առաջին ու երկրորդ պլանի դերակատարներին: Հյուլերի արջը այդ առումով էլ է խորհրդանշական:
Էմին Ալփերի «Փրկություն»-ը (Ժյուրիի Գրան Պրի) այլաբանություն է հավատքի, ֆանատիզմի և դաժանության մասին. ժամանակին աքսորված տոհմը վերադառնում է հարազատ գյուղ, և հողի համար տասնամյակներ շարունակվող վեճը բորբոքվում է նորորվի։ Բեմից ռեժիսորը հայտարարեց, որ ֆիլմն արտացոլում է մեր օրերի բոլոր կոնֆլիկտները, և իր սոլիդարությունը հայտնեց Պաղեստինի ժողովրդին, Իրանի ժողովրդին ու հարազատ Թուրքիայի բանտերում պահվող բոլոր քաղբանտարկյալներին:
Ոսկե արջը շնորհվեց «Դեղին նամակներ»-ին: Գերմանա-թուրք ռեժիսոր Իլքել Չաթակի ֆիլմում բարեկեցիկ կյանք ունենալու ցանկությունը բախվում է մարդկային արժեքներին չդավաճանելու որոշմանը: Դերյան դերասանուհի է, Ազիզը՝ դրամատուրգ: Անկարայում նրանց ներկայացման պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով ամուսին արվեստագետները հայտնվում են պետական համակարգի թիրախում, կորցնում են տունն ու աշխատանքը և ստիպված են կյանքը սկսել զրոյից՝ նոր քաղաքում։

Թեև իրադարձությունները Թուրքիայում են տեղի ունենում, ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գերմանիայում: Տիտրերում հենց սկզբից բացահայտվում են խաղի կանոնները՝ Բեռլինն Անկարայի դերում է, Համբուրգը՝ Ստամբուլի: Չաթաքը մեկտեղում և «վերացականացնում» է իր երկու հայրենիքների պատմությունը: Նշանային տեսարաններից մեկում Ազիզը, որին մեղադրում են հակապետական քարոզի համար, բազմիմաստ հայացք է նետում Համբուրգի բարձրագույն երկրամասային դատարանի առջև տեղակայված «Այստեղ և հիմա» հուշարձանին, որը նվիրված է նացիստական Գերմանիայում դատական համակարգի զոհերի հիշատակին:
Չաթաքը խոսում է կարևոր խնդիրների մասին՝ ազգայնականություն, գրաքննություն, բռնաճնշումներ: Բայց արդյունքը հախուռն է, մակերեսային և լղոզված՝ Վիմ Վենդերսի մամլո ասուլիսի պես: Էքսպրեսիվ երկխոսություններ, արհեստածին կոնֆլիկտներ, չեխովյան հրացաններ: Թեև դերասանները իսկապես հրաշալի են խաղում, գոնե մեկ ակնթարթով չի ստացվում մոռանալ, որ տեղի ունեցողն ընդամենը դերասանություն է՝ կես թատրոն, կես սերիալ, որում «ընտանեկանը» միանշանակ հաղթում է «քաղաքականին»:
