Տիտոն ու սերբերը

Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ
Tito Among the Serbs for the Second Time / Тито по други пут међу Србима
Ժելիմիր Ժիլնիկ, 1994

Բելգրադ, 1990-ականներ։ Հարավսլավիան մասնատված է: Պատերազմները դեռ չեն ավարտվել, երկիրը պատժամիջոցների տակ է։ 

Ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը՝ հարավսլավական «սև ալիքի» նշանավոր ներկայացուցիչներից մեկը, տարօրինակ փորձ է անում։ «Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ» ֆիլմը վավերագրական է․ դերասան Դրագոլյուբ Լյուբիչիչը հագնում է նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության նախագահի համազգեստը և շրջում Բելգրադի փողոցներով։ Տասներեք տարի առաջ մահացած Յոսիպ Բրոզ Տիտոն նրա միջոցով թափառում է մայրաքաղաքով՝ փորձել հասկանալ, թե ինչ է պատահել իր գեղեցիկ երկրի և «պատանի պիոներների» հետ։

Կեղծ Տիտոյի շուրջ աստիճանաբար ամբոխ է գոյանում պատահական անցորդներից։  Կամաց-կամաց մարդիկ ընդունում են խաղի կանոնները․ դերասանի և նրա մարմնավորած պատմական կերպարի միջև սահմանը սկսում է ջնջվել։ Մարդիկ դիմում են Լյուբիչիչին ասես Տիտոն իսկականից հարություն է առել և եկել ժողովրդի մոտ։

Ներկաներից մեկը. — Երբ մահացաք, ես լացում էի:
Տիտո. — Ես նույնպես:
Մյուսը. — Շատ շուտ մահացաք:
Տիտո. — Համաձայն եմ:
Երրորդը. — Քո մահով չպիտի գնայիր, պիտի կախաղան հանեին քեզ:

Ոմանք նրան համարում են աղքատության ու պատերազմի պատճառը: Մյուսները նոստալգիայով են հիշում նրա կառավարման տարիները՝ խաղաղության և ստաբիլության ժամանակներ․ մարդիկ երգեր են ձոնում նրա պատվին, ստորագրություն խնդրում, ծաղիկներ նվիրում։ Ոմանք հարցեր են տալիս անդրշիրիմյան աշխարհի մասին․ «Հանդիպե՞լ եք այնտեղ Չաուշեսկուին»։

Վերջապես հնարավորություն կա դժգոհությունը «գերագույն առաջնորդի» դեմքին շպրտելու, խոհանոցներից հրապարակ իջեցնելու, տեսախցիկի առաջ ասելու։ Հնչում են դավադրության տեսություններ՝ Տիտոն ծառայել է ամերիկացիներին, դավաճանել է ԽՍՀՄ-ին, եղել է Վատիկանին ծառայող ֆրանկմասոն և այլն։

Ժիլնիկն այս տեսարանները համադրում է իրական Տիտոյի արխիվային կադրերի հետ․ Տիտոն՝ Ստալինի, Չերչիլի, Կիմ Իր Սենի կողքին, Տիտոն՝ Բրեժնևին համբուրելիս։

Կատակերգական-պերֆորմատիվ ռեպորտաժի ձևով հասարակության սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն է արվում արժեքների վերաիմաստավորման և փլուզման ժամանակաշրջանում։ Մի պահ տեղի ունեցածը վերափոխվում է ինքնաբուխ հանրահավաքի։ Լսվում են վանկարկումներ՝ «Սերբիա, Ռուսաստան, Սերբիա, Ռուսաստան»։ Կադրում հայտնվում է Կու-կլուքս-կլանի հանդերձանքով մի մարդ՝ թղթե կապյուշոնին «ՆԱՏՕ» գրությամբ։ 

Նկարելով «այստեղ և հիմա»՝ Ժիլնիկը վերլուծում է նաև անցյալը․ ազգայնականության արմատները ձգվում են մինչև բռնատիրական համակարգ և անհատի պաշտամունք։ Փողոցում ազգայնական խորհրդանիշներ վաճառող տղամարդն ասում է, որ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում, այլ զուտ գումար վաստակելը։ «Ձեր ժամանակ քաղաքականություն չկար», — ասում է նա Տիտոյին։

Վերջին տեսարանները մինորային երանգ են հաղորդում այս խրախճանքին/ վակխանալիային։ Տիտոն զրուցում է պատերազմից հոգեբանորեն տրավմատիզացված երիտասարդ վետերանի և Բոսնիայից եկած փախստականի հետ։ «Պատերազմը երբեք չի ավարտվելու», — ասում է վերջինս։

Տիտոն գալիս է եզրակացության, որ ժողովրդի մեջ միասնականություն չկա, նստում է մեքենան և հեռանում։ Գուցե՝ Չաուշեսկուի հետ թեյախմության։

«Սև ալիքը» միավորում էր 1960-ականների հարավսլավական կինեմատոգրաֆիստներին, որոնք պայքարում էին գեղարվեստական արտահայտման ազատության և կինոլեզվի նորացման համար: Նրանց ֆիլմերը՝ հաճախ հեգնական, ի ցույց էին դնում լուսանցքայնացված խնդիրները, քննադատում ստեղծված քաղաքական կոնյուկտուրան։ 1968 թվականի ուսանողական ցույցերի՝ «հունիսյան խռովությունների» ճնշումից հետո բազմաթիվ ռեժիսորներ «արգելվեցին» և վտարվեցին արտերկիր։

Ասում են՝ հարավսլավական թերթերի խմբագիրները «վերևից» նամակ էին ստացել, որով հրահանգվում էր Ժիլնիկի, Մակավեևի մասին ոչինչ չհրատարակել: Բացառություն թույլատրված էր անել միայն մեկ դեպքում՝ մահախոսականի: