Չորս կանայք`ֆրանսիացի ազգաբանը, ամերիկացի երգչուհին, գերմանացի ուսուցչուհին ու դեռևս իր առաքելությունը չգտած երիտասարդ Ժաննան տրանսիբիրական էքսպրեսով մեկնում են հեռավոր արևելք: Նրանց ուղեկցում են հրեա հանրահայտ երգիչը, ռուս գեներալն իր ադյուտանտի հետ, վրացական երգչախումբը։ Ուլրիկե Օթինգերի «Ժաննա դ’Արկը Մոնղոլիայից» ֆիլմում ցարական ժամանակներից գործող կառաշարը վերածված է անհեթեթ բաբելոնյան աշտարակի. մեկ լեզվից մյուսին անցնելով՝ հերոսները կիսվում են իրենց հուշերով, զարմանալի պատմություններով ու երգերով:

Հանկարծ գնացքը կագնում է ճանապարհի մեջտեղում, իսկ ճամփորդ կանայք դառնում են մոնղոլական մայրիշխանական ցեղի գերիները: Առևանգումը բոլորովին նման չէ առևանգման. հարգալից ու հաստատակամ հրավեր՝ փոխադարձ նվերներով: Առաջարկ, որը հնարավոր չէ մերժել:
«Գերևարման» պահին ազատ են արձակվում և՛ կամեռան, և՛ ֆիլմային տարածությունը։ Գնացքի արհեստական աշխարհը, ուր անգամ պատուհաններից բացվող տեսարանն էր կեղծ, մնում է անցյալում: Շքեղ ու հարմարավետ բայց այնուամենայնիվ հերմետիկ կուպեից ու վագոն-ռեստորանից հետո տափաստանի անծայրածիր բնապատկերը լրիվ այլ աշխարհի էֆեկտ է ստեղծում. նման է բաց տիեզերք դուրս գալուն:
Իր հերոսների պես՝ Օթինգերը սիրով ու քնքուշ հիացմունքով հետևում է տեղացիների նիստուկացին. անուսում քոչվորներին փնովող ռուս գեներալը դեռևս նախորդ կանգառում բարեհաջող կերպով իջել էր գնացքից: Օթինգերի հայացքը հորիզոնական է՝ տափաստանի տրամաբանությանը համապատասխան։
Ֆիլմում պատկերվում է «Ծամ» պար-միստերիան։ Կամեռայի առաջ ծեսը հավասարազոր է պերֆորմանսի․ դարերի ավանդույթը ներկայանում է որպես ժամանակակից արվեստ։ Եվ սա ոչ թե յուրօրինակ «թարգմանության» փորձ է, այլ ակնարկ, հիշեցում այն մասին, որ ցանկացած մշակույթ ինչ-որ իմաստով արհեստական է։
