Աբդերահման Սիսակոյին կարելի է աշխարհի քաղաքացի անվանել: Ծնվել է Մավրիտանիայում, մեծացել Մալիում: Այնուհետև կրթաթոշակ ստացել՝ հեռավոր Մոսկվայում ուսանելու համար: Ապրել ու աշխատել է տարբեր աշխարհամասերում` Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում:

ԽՍՀՄ-ում, այնուհետև՝ Ռուսաստանում, Սիսակոն շուրջ տասներկու տարի անցկացրեց: ՎԳԻԿ-ում`Մառլեն Խուցիևի վարպետանոցում ուսումնառության առաջին արդյունքը Թուրքմենստանի դյունաներում նկարված դիպլոմային «Խաղը» (1991) ֆիլմն էր, որում երեխաները փայտե հրացաններով կռիվ-կռիվ են խաղում, մինչ մեծահասակները իրական պատերազմի մեջ են: Դրան հաջորդած «Հոկտեմբերը» (1993), որում անդրադարձ է արվում միջէթնիկական սիրային հարաբերություններին, Սիսակոն ստեղծեց հռչակավոր օպերատոր Գեորգի Ռերբերգի հետ համագործակցությամբ: ԽՍՀՄ ժամանելուն պես Սիսակոյին Ռոստով ուղարկեցին, որպեսզի այնտեղ մեկ տարի ռուսաց լեզու սովորի: Մոսկվայից Ռոստով ճանապարհին նա հանդիպեց ու ընկերացավ Բարիբանգայի՝ Անգոլայից մի ուսանողի հետ, որը նույն դասընթացներին պիտի մասնակցեր: 1997-ին, երբ Սիսակոն արդեն մի քանի տարի էր, ինչ հեռացել էր Ռուսաստանից, նկարեց վավերագրական «Ռոստով-Լուանդան»: Ընկերոջ որոնումներին նվիրված ֆիլմը միևնույն հերթին պատմում է հենց իր՝ Սիսակոյի կյանքի ուղու և անձնական փորձառության մասին:
Ռեժիսորի առաջին խաղարկային լիամետրաժները՝ «Կյանքը երկրի վրա» (1998) և «Երջանկության սպասելիս» (2002) ֆիլմերը նույնպես բավականին անձնական, կենսագրական տարրերով լի ֆիլմեր են՝ տնից հեռանալու և վերադարձի, արվեստագետի ձևավորման, ընտանիքում փոխհարաբերությունների և ավելի լայն՝ ժամանակակից աշխարհում Աֆրիկայի տեղի մասին: Քաղաքականությունն էլ ավելի կենտրոնական տեղ է ստանում «Բամակո» (2006) ֆիլմում: Մալիի մայրաքաղաքի սովորական մի բակում դատավարություն է ընթանում. քննվում է քաղաքացիների հայցը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի դեմ: Սիսակոն հեռուստատեսային տեխնիկա է կիրառում. նկարահանման հրապարակում միանգամից մի քանի տեսախցիկ է աշխատում, երբեմն դրանք հայտնվում են կադրում: Արդյունքում երևակայական դատը վավերագրական ֆիլմի տպավորություն է ստեղծում:
2014-ին Սիսակոն նկարում է «Տիմբուկտուն» (2014)՝ համամարդկային արժեքների մասին ֆիլմ՝ հիմնված իրական դեպքերի վրա. արմատական իսլամիստները գրավում են Մալիի հինավուրց Տիմբուկտու քաղաքը: Սիսակոն ցույց է տալիս, թե ինչպես է բնակիչների հանդարտ կյանքը լիովին խաթարվում անգութ ու անհեթեթ օրենքներից. պատիժ է հասնում անգամ երաժշտություն լսելու կամ ֆուտբոլ խաղալու համար: Այստեղ ամենավառ կերպով է արտահայտվում Սիսակոյի՝ դեռևս «Խաղը» ֆիլմից նկատելի՝ վայրը պատկերելու, դրա էությունը որսալու հմտությունը: Ռեժիսորը լավ հասկանում է, որ ավազաբլրային բնապատկերն ինքնին արտահայտիչ է ու խոսուն և պատկերում է այնպիսին, ինչպիսին կա՝ զերծ չափազանցություններից ու անպատեհ սիմվոլիզմից. ռեալիզմի ու պոետիկայի յուրօրինակ ներդաշնակ միաձուլում: «Տիմբուկտուից» հետո Սիսակոն որոշում է նոր տարածություն հետազոտել՝ թե՛ աշխարհագրական, թե՛ կինեմատոգրաֆիստական առումով: Ստեղծում է «Սև թեյ» (2024) ֆիլմը, որտեղ պատկերում է ժամանակակից չինական քաղաքը և բացահայտում կինոյում մինչ այդ գրեթե չուսումնասիրված միջմշակութային ու միջէթնիկական կապերը Ասիայի և Աֆրիկայի միջև:
Այսչափ բազմազան ստեղծագործական փորձառություն ունեցող և տարբեր մշակութային ծածկագրեր կրող Սիսակոյի ոգեշնչման հիմնական աղբյուրը, այնուամենայնիվ, իր ներքինն է: Ասես «Երջանկության սպասելիս» ֆիլմի հերոսն է, որն իր երևակայության մեջ սենյակի պատուհանը կինոէկրանի է վերածում:

Դուք ապրել և ստեղծագործել եք տարբեր երկրներում՝ Մալիում, Մավրիտանիայում, Ֆրանսիայում, նույնիսկ ԽՍՀՄ-ում, այն էլ մեծ փոփոխությունների շրջանում: Հատկապես հետաքրքիր է Ձեր փորձառությունը ՎԳԻԿ-ում. այդ կինոդպրոցի միջով են անցել շատ հայ ռեժիսորներ` ներառյալ Փարաջանովը:
Անկեղծ ասած՝ ՎԳԻԿ-ում ուսումնառությանս առաջին շրջանում բազմաթիվ դժվարությունների եմ հանդիպել։ Զգում էի, որ ինձ վերաբերվում էին որպես միայն վերցնողի, չէին հավատում, որ իմ մշակույթով, դաստիարակությամբ կարող եմ ինչ-որ բան նաև տալ: Եվրոպակենտրոն տեսանկյունից ես համարվում էի աղքատ մշակույթի կրող: Չգիտեի, թե ինչ է դասական երաժշտությունը, գեղանկարչությունը: Շատերը կարծում էին, որ ստեղծագործ մարդ դառնալու համար նախ և առաջ այդ ամենը պետք է իմանալ: Ես համաձայն չեմ: Իհարկե, այդ գիտելիքը կարևոր է կրթության համար, բայց շատ ավելի էական է այն, ինչ մարդն իր ներսում ունի: Ես չգիտեի` ովքեր են Պիկասոն, Պիսարոն կամ Վան Գոգը, բայց տեսնում ու վերապրում էի այն ամենը, ինչ ինձ շրջապատում էր: Գուցե դասական երաժշտություն չէի լսել, բայց կրում էի իմ մշակույթի ազդեցությունը՝ իր ինքնատիպ ու կարևոր երաժշտությամբ։ Մինչ օրս էլ Աֆրիկայի մասին պատկերացումները հաճախ աղավաղված են, ինչը ցավալի է, բայց ոչ թե աֆրիկացիների, այլ այդպիսի պատկերացումներ ունեցողների համար: Բարեբախտաբար վարպետները` իրական արվեստագետները, այդպես չէին մտածում: Օրինակ՝ Մառլեն Խուցիևը, որը նույնպես տեղացի չէր՝ Վրաստանից էր, իսկապես հավատում էր իմ ներուժին, ու դա ինձ շատ օգնեց: Եվ որքան էլ հիմա քննադատենք Խորհրդային Միությունը, ինձ համար այնտեղ իսկապես ժողովուրդների բարեկամության նման մի բան կար. ինձ հետ սովորում էին ուսանողներ Ուզբեկստանից, Հայաստանից, Վրաստանից, Կուբայից, Իրաքից, Պաղեստինից, Վիետնամից: Այդ բազմազանությունն ինձ շատ բան տվեց:
Դուք նկարում եք ինչպես վավերագրական, այնպես էլ խաղարկային կինո: Բայց անգամ խաղարկային «Տիմբուկտու», «Բամակո» ֆիլմերում նկատելի են վավերագրականության տարրեր՝ անդրադարձ իրական դեպքերին, նկարահանման ոճ, ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցություն:
Կինոն լեզու է: Եվ ինչպես ես ռուսերեն կամ նույնիսկ ֆրանսերեն խոսում եմ ինձ յուրահատուկ ակցենտով, այնպես էլ կինոն կարող է տարբեր լինել` կախված նրանից, թե ինչ իրականություն է արտացոլում: Ճիշտ եք թե՛ վավերագրականության, թե՛ ոչ պրոֆեսիոնալ դերասանների հարցում. այդ ամենը իմ իրականությունից է բխում: Մեր երկրում չկան կինոդպրոցներ կամ թատերական ինստիտուտներ, որտեղ լավ դերասաններ կձևավորվեն։ Կինո էլ ընդհանուր առմամբ չկա. ինձնից առաջ միայն մեկ ռեժիսոր է եղել։ Բայց կարծում եմ, որ ամենակարևորը հասանելի միջոցներն օգտագործելն է` հանդիսատեսի հետ երկխոսություն հաստատելու համար: Հիշում եմ` Մոսկվայում մեծ թվով հուշարձաններ կային, ինչն ինձ համար շատ տարօրինակ էր: Չափազանց մեծ են ու միշտ կոնկրետ հերոսների են նվիրված: Իսկ ինձ համար իսկական հերոսները սովորական մարդիկ են՝ նրանք, ում ամեն օր տեսնում եմ։ Իմ ֆիլմերում էլ հերոսներ չկան, կան պարզապես մարդիկ` իրար նման, բայց միևնույն հերթին իրարից շատ տարբեր: Ինչ վերաբերում է «Բամակո»-ին, առաջին ֆիլմն էր, որտեղ ես ոչ միայն ռեժիսոր էի, այլև հանդիսատես: Իհարկե, նախապատրաստական աշխատանքներ արվում էին, բայց ամեն ինչ որոշվում էր հենց նկարահանման օրվա առավոտյան: Օրինակ` ասում էի, որ ինձ բանան վաճառող կին է պետք, բայց չգիտեի` կոնկրետ ով կլինի: Հավատում էի պատահական հանդիպման, անծանոթ մարդու կարողությունների և պատկերի ուժին։
«Բամակո»-ում յուրօրինակ տեխնիկա եք կիրառում. աշխարհաքաղաքական հարցերը լուծվում են սովորական բակում:
Կինոն ամեն ինչ ճշգրտորեն պլանավորելու մասին չէ: Շատ կարևոր են նաև կասկածները. կինոյին պետք է տարածք տալ: «Բամակո»-ում սյուժեն քաղաքական է` դատավարություն Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ: Թվում էր, թե ոչ ոք չի կարող նրանց դատել` չնայած այն փաստին, որ արդեն 30 տարի աֆրիկյան մի շարք երկրներ ավելի ու ավելի էին աղքատանում` խոստացված զարգացման փոխարեն: Իսկ ես որոշեցի, որ որպես արտիստ՝ կարող եմ նաև դատարան ստեղծել: Ու հորինեցի կոնցեպտը` դատավարություն հորս տան բակում: Այդ պահից ֆիլմը սկսեց ինքն իրեն ձևավորել: Երբ ունես չորս տեսախցիկ` տարբեր անկյուններից, ու սկսում ես նկարել առավոտյան ժամը ութին և ավարտում տասներկուսին, շատ բան կարող է տեղի ունենալ: Դա է կինոյի մոգականությունը. այն կարող է քեզ շատ ավելին տալ, քան դու սպասում էիր:
Ռուսաստանում և Աֆրիկայում ֆիլմեր նկարելուց հետո ևս մի մարտահրավեր ընդունեցիք` ֆիլմ նկարել Ձեզ համար լիովին նոր վայրում՝ Չինաստանում: «Սև թեյը» տարբերվում է Ձեր նախորդ ստեղծագործություններից: Այն շատ ավելի ուրբանիստական է, լի նեոնային լույսերով, լապտերների արտացոլանքներով ու գիշերային քաղաքի արտասովոր գողտրիկությամբ:
Իմ կարծիքով արտիստի համար ուղղակի չկա անծանոթ վայր: Եթե բավական ջանք գործադրի, կարող է կողմնորոշվել ցանկացած տարածքում։ Վերջիվերջո կինոն արտացոլում է հայացքդ: Եթե ունակ ես տեսնելու և ընկալելու, ցանկացած վայրում կարող ես նկարահանել: «Սև թեյ»-ի մասին խոսելիս նախ պետք է նշեմ, որ այսօր ամեն ինչ կենտրոնացած է Եվրոպայի, Արևմուտքի, և ամեն տեղ գերիշխող կապիտալի շուրջը: Բայց գրեթե չկան պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Աֆրիկայի կամ Ասիայի դերը ապագայում։ Միգուցե շատերը չհասկացան այս ֆիլմը, բայց իմ նպատակը փոփոխություններն ու մշտական շարժը ցույց տալն էր։ Մարդիկ զարմանում էին․ «Փաստորեն Ասիայում է՞լ աֆրիկացիներ կան»: Նրանց թվում էր, թե աֆրիկացիները միայն արևմուտք կարող են տեղափոխվել: Բայց կյանքն անընդհատ փոփոխվում է: Հենց շարժումն է մարդկության հիմնական բնութագիրը:
Ձեր ֆիլմերի վերջում հաճախ ստորակետ կամ բազմակետ է դրվում: Հանդիսատեսը չի ստանում հստակ պատասխաններ:
Պատասխանս երևի թե օրիգինալ չթվա, բայց ֆիլմի ավարտին ես միշտ ինչ-որ դուռ եմ բացում, քանի որ կյանքն ինքնին անկանխատեսելի է: Ես անգամ չգիտեմ՝ վաղը ողջ կլինե՞մ, թե՞ ոչ: Ինձ համար հենց բաց ավարտն է ստեղծարարության հիմքը. հեղինակն իրավունք չունի վերջակետ դնելու: Դա լավատեսություն է` ի հեճուկս ամեն ինչի: Հասկանում եմ` այս աշխարհում շատ են տառապանքը, հիասթափությունը, զայրույթը: Շատ արվեստագետներ առհասարակ չեն ստանում ստեղծագործելու հնարավորություն: Բայց եթե այդ հնարավորությունը կա, պետք է հավատալ մարդկայնությանը: Ինչպես Մաքսիմ Գորկին էր ասում․ «Ճշմարտությունը մարդու մեջ է»:
