Անցյալ, ապառնի, շարունակական

Ամեն տարի թռչունները չվում են, ամեն տարի՝ վերադառնում: «Անցյալ, ապառնի, շարունակական» ֆիլմում համառեժիսորներ Մորթեզա Ահմադվանդը և Ֆիրուզե Խոսրովանին գոյատևման այս հարատև շարժն օգտագործում են որպես ժամանակակից Իրանի մետաֆոր: Բայց կա մի կարևոր տարբերություն. իրանցի գաղթականներն այլևս չեն կարող գտնել տունդարձի ճանապարհը:

Նրանցից մեկն էլ Մարիամն է, որը Իսլամական հեղափոխությունից հետո փախել է երկրից և հաստատվել ԱՄՆ-ում: Քրեական հետապնդման պատճառով նա չի կարող վերադառնալ Իրան: Թեհրանում մնացած ծնողներին Մարիամը համոզում է տան բոլոր սենյակներում հսկիչ տեսախցիկներ տեղադրել: Տարեց ծնողների կյանքի մի մասնիկը լինելու այս հուսահատ փորձը միայն խորացնում է ամենուր ներթափանցող մենության զգացումը: Ծնողները հայտնվել են Մարիամի զգոն հայացքի «թակարդում», իսկ նա` անցյալի, ներկայի և տագնապալի ապագայի միջև, որ մի օր կարող է հեռախոսի էկրանին երևալ:

Ընտանեկան մտերմիկ պահերը և Իրան-իրաքյան պատերազմի սարսափները պատկերող արխիվային կադրերին ու ժամանակակից Իրանում պայթյունների տեսարաններին զուգահեռ՝ ռեժիսորները կիրառում են բեմադրված և ոճականացված, պոետիկ դրվագներ: Իրանական դոկուֆիքշնի ավանդույթներին հավատարիմ՝ ֆիլմը իրականի և երևակայականի միջև հստակ սահման չի գծում: Մարիամի ինքնությունն էլ հետզհետե ավելի անորոշ է դառնում: Արդյո՞ք նա իրական է: Այս մարդիկ իսկապե՞ս նրա ծնողներն են: Գուցե նա արտերկրում ապրող Խոսրովանիի ալտեր էգո՞ն է: Թե՞ բազմահազար իրանցի գաղթականների հավաքական կերպարը: