Մեր փրկությունը

Կաննի փառատոնի շրջանակներում լավագույն սցենարի համար պարգևատրված Մեր փրկությունը (միջազգային անվանումը՝ Իր ժամանակի մարդը) հետազոտում է Վիշիստական Ֆրանսիան: Առանցքում՝ մարշալ Պապենի հավատարիմ հետևորդ, կոլլաբորացիոնիստ գրող և բյուրոկրատ Անրի Մարրը (Սվան Առլո):

Ռեժիսոր Էմանուել Մարրի նախորդ՝ Թքած ունեմ ֆիլմում բորտուղեկցորդուհու քրոնիկոնները ներկայացվում էին գրեթե մոքյումենտարիի ֆորմատում՝ կերպարին անվերջ հետևող, անախորժ ու զավեշտալի իրադրություններում բռնացնող կամերայի միջոցով: Նույնը՝ Մեր փրկությունում։ «Անլուրջ» ձևաչափն աշխատում է նաև պատմական սեթինգում:

Ֆիլմը հագեցած է աուդիովիզուալ կոնտրապունկտներով ու երաժշտական անոխրոնիզմներով։ 40-ականների Ֆրանսիայում հնչող 70-80-ականների փոփ-հիթերը (Alphaville-ի Sounds Like A Melody-ն, OPUS-ի Live Is Life-ը, Hot Butter-ի Popcorn-ը) միաժամանակ «սովորականացնում» ու «տարօրինակեցնում» են կինոն։ Չնայած այս խաղերին՝ բյուրոկրատ Մարրի շփոթված, մոլորված դեմքի արտահայտությունը Մուլենի հերոսական ճիչից ավելի իրական է թվում: Ու Սվան Առլոյի՝ Ժիլ Լելուշից մի տասը գլուխ խարիզմատիկ լինելը միակ պատճառը չի։

Միֆերը քանդելու ընթացքում Մարրը հեգնում է անգամ ամենասուրբը՝ Մարսելյեզը: Նեմեշի ֆիլմում Մարսելյեզի կատարման հերթական պաթետիկ տեսարանն էինք տեսնում. դիմադրության անդամները վերջին երգն են երգում գնդակահարվելուց առաջ: Մեր փրկությունում էլ Մարսելյեզով ոգեշնչող դրվագ կա՝ երգում են կոլլաբորացիոնիստ նախարարները: Գերմանական օկուպացիոն ուժերն ինչքան էլ արգելեին, Մարսելյեզը մնում էր վիշիստական իշխանության ոչ պաշտոնական օրհներգը:

Պատմությունը ռեժիսորի համար ծայրահեղ անձնական է՝ դա կարելի է կռահել արդեն հերոսի ազգանունից (Անրին Էմանուելի պապն է): Ոչ բոլորը խիզախություն կունենան կիսվել ընտանեկան այսպիսի անցյալով ողջ աշխարհի հետ: