1970-ականներից Ջեյմս Բենինգը ամերիկյան փորձարարական կինոյի առանցքային դեմքերից է: Նրա ֆիլմերի կենտրոնում հաճախ ամերիկյան լանդշաֆտն է՝ քաղաքը, ճանապարհը, արդյունաբերական գոտին, դաշտը, երկինքը։ Տարածքները, վայրերը երբեք պարզապես ֆոն չեն։ Դրանք ֆիլմի հերոսներն են:
Այսպես One Way Boogie Woogie ֆիլմում Միլուոքիի արդյունաբերական տարածքները ներկայացվում են մոտ վաթսուն մեկրոպեանոց ստատիկ կադրերով։ Կադրերի մեծ մասում գրեթե ոչինչ «չի կատարվում», որի շնորհիվ հանդիսատեսը սկսում է նկատել այն, ինչ սովորաբար պատմողական կինոյում մղվում է երկրորդ պլան՝ լույսի շարժումը, ժամանակի ընթացքը։

Բենինգը ամերիկյան ավանգարդի ժառանգությունը տեղափոխեց նոր՝ աշխարհագրական տարածք։ Ձևաչափային փորձարարությունը միահյուսված է բնապատկերներին և ամերիկյան պատմությանը։ Նրա կինոն միաժամանակ և՛ խիստ ֆորմալիստական է, և՛ խորապես կապված կոնկրետ վայրերի հետ։ Նա ապրում և նկարահանում է Միջին Արևմուտքում՝ մի տեսակ հակակշիռ ամերիկյան կինոյի ավանդական աշխարհագրությանը, որի կենտրոնները հիմնականում Նյու Յորքն ու Լոս Անջելեսն էին։
2000-ականների սկզբին Բենինգը նկարահանեց 13 լիճ և Տասը երկինք ֆիլմերը։ Առաջինը բաղկացած է 13 տասը րոպեանոց կադրից: Յուրաքանչյուրը մի լիճ է վավերագրում։ Նույն սկզբունքը երկրորդում։ Միայն թե այս անգամ կինոխցիկը երկնքին է նայում: Չկա սյուժե, արտակադրային ձայն։ Երբ ֆիլմն ամբողջապես կազմված է այսպիսի «միջանկյալ» կադրերից, հանդիսատեսը՝ իրադարձությունների սպասելու փոխարեն, պարզապես մնում է ներկայում, զգում, վերապրում ժամանակի ընթացքը: Ու վերջիվերջո՝ նոր ձևով ընկալում կինոն:

21-րդ դարում թվային տեխնոլոգիաների տարածումը փոխում է ֆիլմարտադրության պայմանները ու հանդիսատեսի դիտման սովորությունները․ մեդիա միջավայրը գնալով արագանում է: Բենինգի կինոն առաջարկում է հակառակ փորձառությունը։ Ցույց է տալիս, որ երկար կադրը կարող է գոյություն ունենալ առանց դրամատիկական արդարացման, և որ դիտողի ուշադրությունը կարելի է պահել նրան ոչ թե նոր տեղեկություն, այլ ժամանակ տալով։ Դիտելն ինքնին վերածվում է արարողության։
