«Լոնդոն»-ի գլխավոր հերոս Բոբին գրեթե միշտ մեքենայի ղեկին է. կրկին ու կրկին երթևեկում է Վիեննան ու Զալցբուրգը կապող A1 ավտոմայրուղիով։ Նրա մտերիմ ընկերը, որին նա տասնամյակներ շարունակ չէր հանդիպել, կոմայի մեջ է Զալցբուրգի հիվանդանոցում։

Ամեն ճանապարհորդության ժամանակ Բոբին պատահական ուղեկիցների է վերցնում։ Յուրաքանչյուրն իր հետ մեքենա է բերում սեփական խնդիրներն ու մտքերը, և ձևավորվում է ժամանակակից Եվրոպայի համայնապատկերը։ Զինվորը պատմում է կրկնվող մղձավանջների, ամուսնությանը պատրաստվող քվիր կինը՝ ընտանիքի կողմից մերժված լինելու, նիգերիացի ներգաղթյալը՝ ապաստարան դիմելու ժամանակ ստացած տրավմատիկ փորձառության, երիտասարդ ուկրաինացին՝ պատերազմի պատճառով հայրենիքը լքած ընտանիքի մասին: Բարդ քաղաքական իրավիճակի մասին է վկայում նաև աննկատելիորեն սաստկացող տագնապի մթնոլորտը. ճանապարհային հսկիչները ուժեղացնում են ծառայությունը, ռադիոյով խոսում են նոր պատերազմների հավանականությունից:
Կան նաև մեղմ զավեշտի պահեր։ Մսամթերքի բաժնում աշխատող և երշիկների անվանումներն անգիր արած տղան ապարդյուն փորձում է նստատեղն իրեն հարմարեցնել. բառի բուն իմաստով իրավիճակային կոմեդիա։ Երբեմն էլ զրույցները զարգանում են բոլորովին անսպասելիորեն: Ոգեշնչված կոմունիստը «Ավատար»-ն անվանում է մարքսիստական գլուխգործոց և հիանում նրանով, թե ինչպես Ջեյմս Քեմերոնին հաջողվեց դեկոլոնիզացման, դասակարգային պայքարի և ճնշվածների համերաշխության մասին ֆիլմը վաճառել միլիարդավոր մարդկանց։
Ռեժիսոր Սեբաստիան Բրամեսհուբերի մինիմալիստական լուծումներն ավելի են «վավերագրականացնում» առանց այդ էլ իրականությանը մոտ ֆիլմը։ Գրեթե բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեքենայի սրահում: Կիրառվում է ընդամենը մի քանի ռակուրս։ Տարածքը հերմետիկ է, բայց պատուհանից այն կողմ ձգվում է անսահման ճանապարհը։ Բրամեսհուբերը նմանակում է իրանական մտամփոփ ռոուդ մուվիները՝ Աբաս Քիառոստամիի «Բալի համը» կամ Ջաֆար Փանահիի «Տաքսի»-ն։ Այստեղ ժամանակը «դանդաղում է», ստեղծվում է միջանկյալ տարածք` մտածելու, վերապրելու, լսելու և լսելի լինելու համար։
