Իրանական կինո. Հեղափոխություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրանն օկուպացված էր մի կողմից բրիտանացիների, մյուս կողմից՝ ԽՍՀՄ-ի կողմից։ Բրիտանական ազդեցությունը չվերացավ նաև պատերազմի ավարտից հետո։ Փաստացի երկիրն անկախ էր ու կառավարվում էր շահի կողմից։ Բայց տնտեսական առումով երկիրը զգալի կախվածություն ուներ Միացյալ Թագավորությունից. նավթային ոլորտում բրիտանական շահերը գերիշխող դիրք ունեին։ Իրանում վեստերնիզացման և համեմատական ազատականացման քաղաքականություն էր որդեգրվել՝ երկիրն աստիճանաբար վերածվում էր աշխարհիկ պետության։ Դա դժգոհություն էր առաջացնում հոգևորականության և ժողովրդի ավանդապաշտ հատվածի շրջանում։ Կառավարության և եկեղեցու հակամարտությունը հասավ նրան, որ 1964 թվականին ազդեցիկ շիա հոգևորական և շահի քաղաքականության ընդդիմախոս Ռուհոլլահ Խոմեյնիին արտաքսեցին երկրից։

Ազատության համար

70-ականներին ներքաղաքական իրավիճակը Իրանում դառնում էր պայթյունավտանգ։ Շահի աշխարհիկացնող և ամերիկամետ քաղաքականությունը միայն մեծացնում էր ժողովրդի լայն զանգվածներում առաջացած դժգոհությունը։ Դրա հետ մեկտեղ երկրում ավելի ու ավելի մեծ դեր էին սկսում խաղալ գաղտնի ոստիկանությունը և ռեպրեսիվ մեխանիզմները։ Եվ եթե 60-ականներին տնտեսական աճը դեռ տեսանելի էր, ապա հաջորդ տասնամյակում, հատկապես դրա երկրորդ կեսին, գնալով ավելի էր ուժգնանում ինֆլյացիան, ընդգծվում էին սոցիալական անհավասարությունն ու լարվածությունը։ 70-ականների վերջին համատարած բնույթ էին կրում ուսանողների և աշխատավորների բողոքի ակցիաները։ Գլուխ էին բարձրացնում ազատականները, մարքսիստները և, իհարկե, իսլամիստները։ Առանցքային այդ ժամանակաշրջանն արտացոլված է Հոսեյն Տորաբիի «Անկախության համար» ռեպորտաժային վավերագրական ֆիլմում:

Վերջիվերջո, 1979 թվականին, հեղափոխական ճգնաժամի և զանգվածային բողոքների պայմաններում, շահը ստիպված եղավ փախչել Իրանից, ինչից հետո երկիր վերադարձավ 15 տարի աքսորում անցկացրած իմամ Խոմեյնին։ Նա էլ գլխավորեց իսլամական շարժումը, որը շուտով հանգեցրեց Իսլամական հեղափոխության հաղթանակին։ Ստացվեց այնպես, որ իսլամիստներն ավելի կազմակերպված էին, քան երկրում եղած մյուս ուժերը։ Նրանց մեծապես օգնում էին կրոնական և համայնքային ցանցերը, ինչպես նաև Խոմեյնիի շուրջ ձևավորված միասնությունը։ Մինչդեռ ձախականների շարքերում մշտապես գաղափարական հակասություններ կային։

Կովը

Երբ հաստատվեց հոգևորականության իշխանությունը, Խոմեյնին խիստ վերապահումներ ուներ կինոյի նկատմամբ և քննարկում էր դրա խիստ սահմանափակումը կամ արգելումը։ Ըստ տարածված լեգենդի՝ այդ շրջանում Խոմեյնին դիտեց Դարիուշ Մեհրջուիի «Կովը» ֆիլմը և այն շատ մեծ տպավորություն թողեց նրա վրա, ինչը և նպաստեց նրան, որ կինոն ամբողջությամբ չմերժվեր Իսլամական հեղափոխությունից հետո։

Ամեն դեպքում, հետհեղափոխական առաջին տարիներին կինոարտադրությունը հայտնվեց խիստ գրաքննության պայմաններում։ Ֆիլմերը հիմնականում ունեին դաստիարակչական-կրթական կամ պրոպագանդիստական ուղղվածություն․ կարող էին պատմել, թե որքան վատ էր կյանքը երկրում շահի կառավարման տարիներին։

Վազորդը

Բայց կային նաև այդ սահմաններից դուրս եկող ստեղծագործություններ։ Դրանցից մեկն Ամիր Նադերիի «Վազորդն» էր, որի գլխավոր հերոսը անտուն որբ տղա է, որը, չնայած բոլոր դժվարություններին, երբեք չի կանգնում և շարունակում է առաջ շարժվել։ Այդ կերպարը կարծես դառնում է կյանքի շարունակական ընթացքի խորհրդանիշ։

Ամիր Նադերին իրանական կարևորագույն ռեժիսորներից է։ Նրա ֆիլմոգրաֆիան կարելի է բաժանել մի քանի տարբեր շրջանների։ «Վազորդի» հերոսի նման՝ Նադերին ինքն էլ անցել է տարբեր դժվարությունների միջով, բայց չի կանգնել և բոլորովին տարբեր պայմաններում, փոփոխվող քաղաքական իրավիճակներում շարունակել է ֆիլմեր նկարահանել։

Որոնում

Հեղափոխությունից հետո նրա առաջին ֆիլմը «Որոնում» վավերագրականն էր՝ նվիրված Իրանի պատմության ողբերգական էջերից մեկին։ 1978 թվականի սեպտեմբերի 8-ը հայտնի է որպես Սև ուրբաթ։ Այդ օրը Իրանի փողոցներում զանգվածային բողոքի ցույցեր էին ընթանում, երբ շահի կառավարական զորքերն ու ոստիկանությունը կրակ բացեցին ցուցարարների վրա։ Սպանվեց առնվազն հարյուր մարդ (տարբեր աղբյուրներում զոհերի շատ ավելի մեծ թվեր են նշվում)։ Սև ուրբաթից և դրան հաջորդած բռնություններից հետո բազմաթիվ ընտանիքներ որոնում էին անհետացած հարազատներին։ Նադերիի ֆիլմը հենց այդ որոնումների մասին է։ Սա պարզապես վավերագրական ֆիլմ չէ, այլ նաև այդ սարսափելի ոճրագործության վկայություն։

Մեկ տարի անց Նադերին նկարահանեց «Երկրորդ որոնումը», որը պատմում է մի երիտասարդի մասին, որը զորակոչվում է իրանական բանակ և պետք է մասնակցի իրանա-իրաքյան պատերազմին։ Ֆիլմում կարելի է նկատել հակամիլիտարիստական ուղերձ, որը և կասկածի տակ է դնում նորաստեղծ Իրանի Իսլամական Հանրապետությունում շրջանառվող «սրբազան պատերազմի» գաղափարը։ «Երկրորդ որոնումն» արգելվեց առաջին իսկ մասնավոր ցուցադրությունից հետո։

Ջուր, քամի, փոշի

Այս երկու քաղաքական ֆիլմերին հաջորդեց նեոռեալիստական ոգով նկարահանված ինքնակենսագրական «Վազորդը»։ Այդ շրջանի վերջին ֆիլմը դարձավ «Ջուր, քամի, փոշի»-ն։ Այստեղ մի երիտասարդ հարազատներին որոնելով շրջում է փոշոտ անապատի միջով։ Նա ինքն էլ կարծես չգիտի, թե ուր է գնում։ Ֆիլմում մեծ տեղ ունեն այլաբանությունները՝ խոսքը գրեթե բացակայում է, և պատմության մեծ մասը հաղորդվում է հենց կինոյի լեզվով։

«Ջուր, քամի, փոշի»-ն դարձավ Նադերիի վերջին աշխատանքը Իրանում։ Դրանից հետո նա տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մշտական բնակություն հաստատեց և շարունակեց կինո ստեղծել։ 2010-ականներին նա ֆիլմեր նկարահանեց անգամ Ճապոնիայում և Իտալիայում, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։