Ուեյն Վանի Ծուխը ֆիլմում Հարվի Քեյթելի հերոսը սևեռուն մի գաղափար ունի՝ ամեն առավոտ ժամը ութին նույն կետից լուսանկարում է նույն փողոցը. ժամանակը վերահսկելու, անցողիկը պահպանելու կամ սեփական ներկայությունը նորից ու նորից հաստատելու յուրօրինակ արարողություն։
Նման սևեռուն գաղափար, միայն թե բոլորովին այլ մասշտաբով, իրականացրել է Յոհան Լուրֆը Forever…Forever ֆիլմում (2026 թվականի Վիեննալեի բացման ֆիլմը)։ Գրեթե երկու տարի շարունակ Լուրֆը նկարահանել է նույն բնապատկերը՝ Ստորին Ավստրիայի Օտենշտայնի ջրամբարը։ Կադրում կամուրջն է ու հիդրոէլեկտրակայանը։

Ֆիլմի համար հատուկ մշակված 65 մմ-անոց VistaRama65 կինոխցիկն ամբողջ ընթացքում տեղից չի շարժվում։ Մեկ կադրի պահաժամը աստիճանաբար երկարում է՝ ութ վայրկյանից հասնելով մի ամբողջ օրվա։ Սկզբում դեռ կարելի է հետևել բնապատկերի սովորական փոփոխություններին՝ ամպերի շարժմանը, լուսավորության փոփոխությանը, գիշերվա վրա հասնելուն։
Որքան մոտենում ենք ավարտին, այնքան արագ է սլանում ժամանակը։ Երկար պահաժամը այլևս չի ֆիքսում շարժվող առարկաների առանձին դիրքերը։ Ամպերը կորցնում են իրենց ուրվագծերը, արևն ու լուսինը կինոժապավենի վրա լուսային հետքեր են թողնում։ Ամբողջ ամիսներ, ինչպես իրադարձությունները մեր հիշողության մեջ, իրար են ձուլվում։ Նկարահանումների վերջին 423 օրերն էկրանին տեղավորվում են ընդամենը 17 վայրկյանում։

Արագացմանը զուգընթաց հայեցողական կինոն վերածվում է վիթխարի տեսալսողական սիմֆոնիայի։ Այն հատկապես ազդեցիկ է մեծ էկրանին՝ 70 մմ-անոց պրոյեկցիայով դիտելիս։ Լուրֆը միավորում է վավերագրական կինոյի երկու գրեթե հակադիր մոտեցումներ՝ Ջեյմս Բենինգի անշարժ կինոխցիկն ու բնապատկերի երկարատև դիտարկումը, որտեղ ամենաաննշան մանրուքները գրավում են ուշադրությունդ ու ստիպում զգալ ժամանակի ընթացքը, և Գոդֆրի Ռեջիոյի արագացված նկարահանումներն ու տիեզերական մթնոլորտը, որտեղ ամեն ինչ վերածվում է լույսի ու շարժման գլխապտույտ հոսքի։
Մեծ դեր ունի ձայնային ձևավորումը (Jung An Tagen)։ Ցերեկն ու գիշերը տարբեր կերպ են հնչում, երկնային լուսատուներն իրենց «երաժշտական թեմաներն» ունեն։ Արևի շարժումը, որն առօրյայում նույնիսկ չես նկատում, այստեղ կարող է ուղեկցվել խլացուցիչ ձայնով։ Որոտի հանկարծակի հարվածից վեր ես թռնում, ցածր հաճախականությունները զգում ես ամբողջ մարմնով։ Ինչ-որ պահից ձայներն արդեն միանգամայն բնական, ծանոթ ու աութենտիկ են թվում։

Մինչ ամպերը սլանում են ջրամբարի վրայով, ջուրը փոխում է գույնն ու մակարդակը, իսկ արևը երկնքում լուսային աղեղներ է գծում, կամուրջը, հիդրոէլեկտրակայանն ու մյուս մարդաստեղծ շինություններն անշարժ են։ Սակայն ֆիլմի վերջում ավստրիական ջրամբարի տեսարանը գրեթե անճանաչելի է։ Լիովին մոռանալով «արդյունաբերական բնապատկերի» մասին՝ տարված հետևում ես երկնային մարմինների հետագծերին, լույսի ու խավարի, տարվա եղանակների հերթագայությանը։
Տիեզերքը փորձառելու համար Երկրից հեռանալու կարիք չկա․ բավական է երկու տարի անդադար նկարահանել սովորական ջրամբարի տեսարանը։
