Արգենտինացի երիտասարդ դիզայներ Լինան Շվեյցարիայից վերադառնում է տուն՝ ամուսնու և դստեր մոտ: Չնայած համառ ջանքերին՝ նրան չի հաջողվում թաքցնել աշխատանքային ուղևորության ժամանակ առաջացած ֆոբիան. գետն ընկնելուց հետո Լինան չի կարողանում ջրին դիպչել: Այս տրավմայի բացահայտումը ջրի երես է հանում ավելի խոր թաքնված տագնապներ, որոնք նրան հետապնդել են մանկությունից ի վեր:

Միլագրոս Մումենթալերի «Հոսանքներ» ֆիլմում դասակարգային անհավասարության և հոգեկան առողջության դրաման վերածվում է սեփական անձի հետ հաշտվելու գունեղ ու պոետիկ պատմության: Լինայի և նրա ամուսնու միջև անջրպետը ակնհայտ է առաջին իսկ տեսարանից: Պեդրոն խիստ է և հավասարակշռված, գրեթե անթերի, մինչդեռ Լինան օտարացած է և «անկանոն»՝ խառնված մազերով, որոնք այլևս չգիտի ինչպես լվալ: Այս խնդրին լուծում գտնելու համար նա վերականգնում է կապը հին ընկերուհու՝ Ամալիայի հետ և վերհիշում իր երբեմնի «ես»-ին՝ Կատային (Կատալինա անվան կրճատ տարբերակ):
Մինչ բարձրանում է անցյալը քողարկող շղարշը, հանդիսատեսը մտորումների մեջ է. արդյո՞ք Լինան ընկել էր (կամ գուցե ցատկել էր) ջուրը, քանի որ ամուսնու ճոխ ու շքեղ աշխարհն ամբողջությամբ կլանել էր աղքատ արվարձաններից եկած աղջկան: Թե՞ պատճառը տագնապն ու անհանգստություններն էին, որոնք նա ժառանգել էր կախվածություն և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մորից, որն իր մեկուսացած տուն թափանցող լույսի շողն անգամ չի կարող հանդուրժել։
Կատալինայի ներքին փոթորկումները բացահայտվում են աստիճանաբար՝ թռուցիկ հայացքների և աննկատ ժեստերի միջոցով, մինչ հանդիսատեսը մեկ ուսումնասիրում է հերոսուհուն, մեկ իրականությանը նայում հենց նրա աչքերով: Կատալինայի օտարացած հայացքն ամեն ինչին այլաշխարհիկության զգացում է հաղորդում, ասես նա քայլում է անհայտ վայրերով. Ժնևի նեղ նրբանցքները, Բուենոս Այրեսի եռուզեռով լի փողոցները՝ երկուս քաղաքներն էլ բնակեցված տարօրինակ ու վաղանցիկ կերպարներով: Եթերային երաժշտությունը, վառ գույները և առկայծող լույսերը միայն լրացնում են այս խորհրդավոր ու անհանգիստ հեքիաթի մթնոլորտը:
