Պիքսելավոր պատկերներ, հին տեսախաղեր հիշեցնող կցկտուր շարժումներ, էքսպերիմենտալ վիդեո-արտի տարրեր և վաղ իմպրեսիոնիստական կտավներից ելած գեղատեսիլ դրվագներ. «Չոր տերև» ֆիլմի առաջին րոպեները կարող են շփոթեցնել, եթե սովոր չես մեծ էկրանին «ցածր որակի» պատկերներ տեսնելուն: Սակայն անշտապ ռիթմին տրվելու դեպքում դառնում ես Ալեքսանդր Քոբերիձեի ֆիլմի երկար ու դյութիչ ճամփորդության մասնակից:

«Չորացած տերև»-ն ամբողջությամբ նկարահանված է Sony Ericsson W595-ով՝ 2008 թվականի արտադրության մինչսմարթֆոնային հեռախոսով՝ ընդամենը 144p կետայնությամբ: Ֆիլմի կենտրոնում Իրակլին է, որին մարմնավորում է ռեժիսորի հայրը: Նա ճամփա է ընկնում դստերը՝ Լիզային, գտնելու հույսով: Աղջկա մասին հայտնի է միայն այն, որ մարզական ամսագրի համար լուսանկարում էր վրացական գյուղերի ֆուտբոլային դաշտերը: Իրակլիին ուղեկցում է դստեր ընկերը՝ Լևանը, որը, ինչպես շատերն այս ֆիլմում, անտեսանելի է:
Ինչպես և իր առաջին կինոնկարում, Քոբերիձեն հեռախոսի տեխնոլոգիական սահմանափակումները դիտարկում է որպես յուրահատուկ ոճական արտահայտչամիջոց և հնարավորություն՝ որոշ բաներ չասված թողնելու: Քիառոստամիական գույների, կիսամոգական ու անվերջանալի որոնումների և ռեժիսորի եղբոր՝ Գիորգիի հեղինակած համահունչ երաժշտության շնորհիվ Քոբերիձեն ստեղծում է երազային մթնոլորտ, որտեղ Վրաստանի բնապատկերները վերածվում են անժամանակյա տարածությունների: Ֆիլմում կան նաև նոստալգիայի նշույլներ. արագ ուրբանիզացման և քաղաքական փոփոխությունների հետևանքով շատ գյուղացիներ հեռացել են, ֆուտբոլային դաշտերն անհետացել են՝ իրենց տեղը զիջելով հյուրանոցներին, սպորտի ինստիտուտը քանդվել է:
Ֆիլմի պատկերաշարն արտացոլող վերնագիրը նաև ֆուտբոլին է հղում անում. «չոր տերև» են կոչում այն հարվածը, երբ գնդակն օդում կտրուկ իջնում կամ տատանվում է նախքան դարպասի մեջ հայտնվելը: Դատարկ դարպասները, որոնց Իրակլին հանդիպում է իր ճամփորդության ընթացքում՝ ընդամենը իրար միացված երեք գերան, լուռ ու վեհ կանգնած են, ասես անցակետ դեպի այլ աշխարհ: Արդյո՞ք նա այնտեղ կգտնի իր դստերը: Որոնումները երբևէ կավարտվե՞ն, և հոգնած ճամփորդը հետ կդառնա՞: Եվ արդյո՞ք նա կհիշի այն մարդկանց, որոնց հանդիպեց այդ անծայրածիր ճանապարհներին:
