Գերմանիա 90

Գերմանիա 90 ինը զրո
Germany Year 90 Nine Zero / Allemagne année 90 neuf zéro
1991, Ժան Լյուկ Գոդար

«Հնարավո՞ր է արդյոք պատմել ժամանակի պատմությունը»։

Երեսուն տարի ԳԴՀ-ում «քնած» գործակալ աշխատած Լեմմի Քոուշենը իմանում է, որ Բեռլինյան պատն ընկել է, և իր ծառայությունների կարիքն այլևս չկա։ Նրան մնում է թափառել միավորված Գերմանիայով՝ «Արևմուտքը» որոնելով։

Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ պատի փլուզվելուցից հետո։

Allemagne année 90 neuf zéro՝ արդեն վերնագրում Ժան Լյուկ Գոդարը խաղում է երկիմաստությունների հետ։ Ֆրանսերեն neuf բառը նշանակում է թե՛ «ինը», թե՛ «նոր»։ Նոր զրոյական թվական: Բացի այդ Գոդարը հղում է Ռոսելինիի «Գերմանիա․ զրո թվական» ֆիլմին, որը նկարահանվել էր պատերազմից անմիջապես հետո՝ Բեռլինի ավերակներում։ Եթե Ռոսելինիի ֆիլմում համընդհանուր քայքայումը Երկրորդ համաշխարհայինի հետևանքն է, ապա Գոդարի ֆիլմում «բարոյական քայքայումը» ընկալվում է որպես Սառը պատերազմի արդյունք։

Թիերգարթենի կամուրջը, որի մոտ սպանել են Ռոզա Լյուքսեմբուրգին։

Իր ճանապարհին Լեմմին հանդիպում է միֆական և պատմական կերպարների, այցելում է նշանակալից վայրեր և անցնում երկրի հիշողության շերտերով՝ գերմանական մշակույթի հիմնական խորհրդանիշներից (Կրանախ, Բախ, Շիլլեր) մինչև Դախաու համակենտրոնացման ճամբար։

«Գուցե մեր կյանքի բոլոր վիշապները արքայադուստրեր են, որոնք պարզապես սպասում են, որ մենք գոնե մեկ անգամ գեղեցիկ և համարձակ քայլ անենք։ Գուցե այն ամենը, ինչ մեզ վախեցնում է, իր էությամբ անօգնական է և սպասում է մեր օգնության»։

Ռիլկեի խոսքերը մեջբերող Դոն Քիշոտը սլանում է հաղթանակած կապիտալիզմի վիշապների՝ երկրի կյանքը ծծող ռոտորային էքսկավատորների դեմ մարտի։

«Գերմանիա»-ն կանխագուշակում է Գոդարի՝ 2000-ականների ավանգարդային աուդիովիզուալ «պատկերագրքերը»: «Գծային» պատմողականությունը լիակատար դեկոնստրուկցիայի է ենթարկված։ Պատմություն(ներ)՝ կազմված պատմությունների բեկորներից։

«Վաճառում եմ պատմության բեկորներ՝ ընդամենը տասը պֆենինգ: Քարեր Բեռլինյան պատից, գրքեր, դրոշներ…»:

Միախառնելով պատկերները, ձայներն ու տեքստերը Գոդարն ստեղծում է նոր լեզու՝ հասկանալի դեռ միայն իրեն։ Կտորներ «Կալիգարիից մինչև Հիտլեր» շրջանի կինոյից՝ «Մետրոպոլիս», «Կիրակի օրվա մարդիկ», «Դոկտոր Մաբուզեի կտակը», «Վերջին մարդը»։

Լեմմին քայլ է անում սառցակալած լճակի վրա՝ կադր «Ալեքսանդր Նևսկուց». Սառցաջարդ։

Իրար «խանգարելով» ու «լռեցնելով» հնչում են Մոցարտի, Չայկովսկու, Լիստի, Բախի, Ստրավինսկու, Հինդեմիթի, Բրայերսի և Շելսիի ստեղծագործությունները, Մարլեն Դիտրիխի և Ton Steine Scherben խմբի երգերը։ Ալտահար Քիմ Քաշքաշյանը կատարում է Շոստակովիչի opus 147-ը։

«Ես մեղադրում եմ Գերմանիային նրանում, որ նա մեղադրում է մյուսներին հաջողության բացակայության մեջ»։

Որպես ռեֆրեն հնչում է Բեթհովենի Յոթերորդ սիմֆոնիայի Allegretto-ն՝ երաժշտություն, որը ֆիլմը լցնում է ապոկալիպտիկ պաթոսով։

Եվրոպայի մայրամուտ:

Կոկիկ մերսեդեսը անցնում է կոմմունիզմի դիակի վրայով. տրորում է ասֆալտին ընկած «Կարլ Մարքսի փողոց» ցուցանակը: Ուտոպիայի մահ: Դարաշրջանի ավարտ։

Գոդարն ինքը՝ կենդանի թե մահացած, միշտ «(ամենա)ժամանակակից» ռեժիսորն է։
Արդեն երրորդ տարին է, ինչ ուղերձներ է հղում անդրշիրիմյան աշխարհից։ Ավարտվել և թողարկվել են վերջին կարճամետրաժները՝ «Սցենար(ներ)ը»։ Իրականացվել է «Վայրի արմավենիների» նրա գաղափարը. Ֆոլքներյան ֆորմալիստական մեթոդին համաձայն Գոդարի երկու միմյանց հետ կապ չունեցող լիամետրաժ ֆիլմերը՝ «Պատրաստված է ԱՄՆ-ում» և «Երկու կամ երեք բան, որ գիտեմ նրա մասին» վերամոնտաժվել են մեկ ամբողջության մեջ։ Տարբեր ռեժիսորներ նկարահանում են ֆիլմեր Գոդարի մասին և «Գոդարի ձևով»՝ Ռիչարդ Լինքլեյթերի «Նոր ալիքը», Լեոս Կարաքսի «Սա ես չեմ»։ Վերջապես Գոդարի ամենից ինտիմ պատկերը փոխանցում է Ֆաբրիս Արանիոյի և Ժան-Պոլ Բատտաջիայի կարճամետրաժը՝ «Atelier JL Godard Rolle, un voyage»: Գլխավոր «հերոսը» Գոդարի բնակարանն է. կամեռան սահում է դարակներն ու սեղանները գրաված գրքերով, ֆիլմերով և նկարներով: Դիտողը հայտնվում է ներքին կապերի ու ասոցիացիատիվ խճանկարների աշխարհում:Վ