
Գորիլան լողանում է կեսօրին
Gorilla Bathes at Noon / Горила се купа у подне
Դուշան Մակավեև, 1993
Բեռլինյան պատը և երկաթե վարագույրն արդեն ընկած են: Գերմանիայում ծառայող ռուս մայոր Վիկտոր Բորիսովիչ Լազուտկինը հասկանում է, որ այլևս ոչ ոքի պետք չէ։ Հայրենիքում նրան ոչ մեկ չի սպասում․ բնակարանն այլևս իրենը չէ, նրա կնոջ և երեխայի խնամքը վաղուց ստանձնել է Կոլյա անունով մի տաքսու վարորդ։
Մայորը հայտնվում է ընդհատակում, փորձում է գումար հայթայթել, ծանոթանում է տեղացի մարգինալների հետ և հավատարիմ է մնում իր գաղափարական առաքելությանը։ Նա թափառում է Բեռլինի փողոցներով՝ կարմիր դրոշը ձեռքին, մաքրում է վանդալների կողմից անընդհատ պղծվող Լենինի հուշարձանը՝ կրկնելով․ «Լենինն արժանի չէր, որ իր դեմքին նման սարսափելի բծեր լինեն»։
Լենինը ֆիլմի լիիրավ հերոս է: Նա ներկայանում է տարբեր կերպարանքներով․ սոցռեալիստական հուշարձան՝ կանգնած Արևելյան Բեռլինի բրուտալիստական շենքերից մեկի ֆոնին, միևնույն ժամանակ՝ մայորի հոմոէրոտիկ երազների այցելու։ Լազուտկինի երազներում բոլշևիկյան հեղափոխության առաջնորդին մարմնավորում է դերասանուհի Անիտա Մանչիչը։
Սովորության համաձայն՝ Մակավեևը ֆիլմը լցնում է պայմանականություններով ու գեգերով, որոնք տարօրինակ կերպով միաձուլվում են ընդհանուր սյուժետային հյուսվածքի մեջ։
Լենին-կինը հոգատար է և սիրառատ (հետաքրքրվում է մայորի առողջությամբ, գուլպաներ է գործում նրա համար, համբուրում է բրեժնևյան ոճով, հարցնում է՝ «դեռ սիրո՞ւմ ես ինձ»), միևնույն ժամանակ՝ վճռական է և դաժան («Մարդկանց պետք է հնձել հոծ շարժումով, ազատության թշնամիների համար ազատություն չկա՛»)։
Զուգահեռաբար էկրանին են հայտնվում դրվագներ Չիաուռելիի՝ «Բեռլինի անկումը» ֆիլմից, որը ուշ ստալինիզմի նմուշային ստեղծագործություններից մեկն է համարվում։ Կարմիր բանակայինները, իրենց կյանքը զոհաբերելով, կարմիր դրոշը փոխանցում են մեկը մյուսին՝ ասես էստաֆետի փայտիկ, և ի վերջո այն հասնում և բարձրացվում է Ռայխստագի տանիք։
Մոնտաժային կապերի միջոցով Մակավեևը ստեղծում է նոր իմաստներ՝ համադրելով կամ ընդհարելով տարատեսակ ձևաչափեր։ Վերջաբանում նա մեկտեղում է խաղարկայինը, վավերագրական-ռեպորտաժայինն ու «կինոն կինոյի մեջ»։
Վերամիավորված Բեռլինում աշխատավորներն ապամոնտաժում են կոմունիզմի հսկա արձանը։ Մինչ Լենինի կտրված գլուխը լողում է քաղաքի երկնքում, Չիաուռելիի Ստալինը, ասես deus ex machina, ինքնաթիռով ժամանում է Բեռլին և իր հովանավորությամբ վերամիավորվում պատերազմով բաժանված սիրահարներին։ Իրականությունից վաղուց կտրված մայորը վստահ հայտարարում է, թե նրանք իր հայրն ու մայրն են։
Բոլոր զուգադիպությունները ութսունականներին Արևելյան Գերմանիայում ծառայած մեկ այլ ռուս մայորի հետ պատահական են:
