Հեղափոխության տեսագրություններ

Հեղափոխության տեսագրություններ
Videograms of a Revolution / Videogramme einer Revolution
Հարուն Ֆարոքի, Անդրեյ Ուժիցա, 1992

Ի՞նչ ենք տեսնում, և ի՞նչ չենք տեսնում:

1989-ի դեկտեմբերին տեղի ունեցավ ռումինական հեղափոխությունը: Հակակոմունիստական ապստամբության արդյունքում տապալվեց Նիկոլաե Չաուշեսկույի բռնապետական ռեժիմը։ Երեք տարի անց ռեժիսորներ Հարուն Ֆարոքին ու Անդրեյ Ուժիցան անդրադառնում են բեկումնային այդ օրերին Videograms of a Revolution էսսե ֆիլմով՝  հեռուստառեպորտաժներից, սիրողական նկարահանումներից, հսկիչ տեսախցիկներից հավաքված: Միայն ու միայն այդ օրերին նկարված վիդեո նյութերն են կիրառում, կոնտեքստը փոխանցում են ինտերտիտրերի ու հազվադեպ հնչող վոյսովերի միջոցով: Տիտրերը բաժանում են ֆիլմը կարճ թեմատիկ էպիզոդների ու օգնում հետևել իրադարձությունների ժամանակագրությանը: Վոյսովերը, սկզբնական շրջանում՝  դետեկտիվի մանրակրկտությամբ, քննում և մեկնաբանում է տեսարանները: 

Չաուշեսկուի՝ «միտինգի բերված» ժողովրդի առջև ծրագրային տարեվերջյան խոսքը, որի ընթացքում էլ սկսվում է հեղափոխության ամենաակտիվ փուլը, պատկերվում է մի քանի անգամ, տարբեր դիտանկյուններից՝ պաշտոնական և պահեստային հեռուստակամեռաների, կառավարական շենքի աշտարակից նկարող հսկիչ տեսախցիկի: Նույնը րոպեներ անց՝ Չաուշեսկուների՝ տանիքից ուղղաթիռով փախուստը՝ տարբեր տեսախցիկներով արձանագրված: 

Տեսանկյունների ու վկայությունների բազմազանությունը մեկ է` ստույգ պատասխաններ չեն տալիս: «Ընդհանուր պատկեր» կամ «բարձրագույն ճշմարտություն» չի ձևավորվում՝ տարածություն թողնելով մեկնաբանությունների ու առասպելագործության համար։

Ֆիլմի զգալի մասը կենտրոնացած է առասպելագործության գլխավոր գրասենյակի՝ Բուխարեստի հեռուստաստուդիայի վրա: Աշխատակիցները անորոշության մեջ են, տնօրենը, վտանգն արագորեն գնահատելով, դուրս է գալիս կատաղած ամբոխի առջև ու ցուցարարներին իր սոլիդարությունը հայտնում: Ներս հրավիրված պատվիրակները կամեռայի առջև իրար ընդհատելով ազդարարարում են ռումինների անկախությունը Չաուշեսկուից ու կոմմունիզմից: 

Հեռուստաստուդիայում ծավալվող գործողությունները նմանվում են աբսուրդիստական ֆարսի: Վայրկյանը մեկ ասես ոչ մի տեղից կադր է մտնում մի նոր տարօրինակ կերպար: 

Ակամա հիշում ես 2006-ի Կորնել Պորումբոյուի 12:08 Բուխարեստից արևելք, կամ Եղե՞լ է, թե՞ չի եղել տխուր կոմեդիան. գավառական  քաղաքի հեռուստաստուդիայի սեփականատեր-հաղորդավարը Սուրբ Ծննդյան նախօրեին նախաձեռնում է հեռուստածրագիր, որը պետք է օգներ պատասխանել այն հարցին, թե արդյոք տասնվեց տարի առաջ իրենց քաղաքում հեղափոխություն է եղել, թե՞ քաղաքի հրապարակը լցվել էր Չաուշեսկուի փախուստի մասին պաշտոնական հայտարարությունից հետո միայն։

Արդյո՞ք հնարավոր է որսալ ճշմարտությունը: Ֆարոքիի և Ուժիցայի պատմագրական հետաքննությունը վերաճում է մեդիայի հետազոտության: Հետկադրային ձայնը դադարեցնում է քննել դրվագները և երկար ժամանակով լռում: 

Վերադառնալիս էլ՝ մտորում վավերագրության ու ճշմարտացիության, կինոյի ու պատմության մասին: 

«Տեսախցիկ և իրադարձություն։ Իր գյուտից ի վեր՝ կինոն կարծես նախատեսված է պատմությունը տեսանելի դարձնելու համար։ Այն կարողացել է պատկերել անցյալը և բեմադրել ներկան։ Մենք տեսել ենք նժույգ հեծնած Նապոլեոնին և Լենինին գնացքի վրա։ Ֆիլմը իրականություն դարձավ, քանի որ կար պատմություն։ Գրեթե աննկատելիորեն, ասես Մյոբիուսի ժապավենով շարժվելով, մենք հայտնվեցինք հակադարձ կողմում։ Նայում ենք և մտածում. եթե ֆիլմը իրականություն է, ապա իրական է նաև պատմությունը»։

Վերջին դրվագում մեկ հեռուստացույցի առջև հավաքված օպերատորների ու լրագրողների բազմությունն էկրանից «արտանկարում է» Չաուշեսկուների դատավարության ու մահապատժի պաշտոնական հեռարձակումը. ճշմարտությունը կրկին մենաշնորհված է: