Նարնջագույն ժիլետներ
Orange Vests / Оранжевые жилеты
Յուրի Խաշչևացկի, 1993

Ռեպորտաժա-էպիստոլյար «Նարնջագույն ժիլետները» բելառուս կանանց անկախ կինո-կոլեկտիվի՝ սցենարիստներ Էլլա Միլովայի ու Իրինա Պիսմեննայայի, և ռեժիսոր Յուրի Խաշչևացկու համատեղ նախագիծն է՝ վավերագրություն ժամանակների խաչմերուկից։
Ֆիլմի հիմքում բազմաթիվ հարցազրույցներ են Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Տաջիկստանի կանանց հետ՝ գյուղական խրճիթներում սառչող տատիկներից, բանակում ծառայող կանանցից և զոհված զինվորների մայրերից մինչև անցումային ու հակասական դարաշրջանի պատկերը ձևավորած քաղաքական գործիչներ՝ Գալինա Ստարովոյտովա և Նինա Անդրեևա։
Հեղինակները ներառում են քրոնիկոնային կադրեր՝ իրենց որոշակի կինեմատոգրաֆիստական «չարաճճիություն» թույլ տալով։ Այդպես համադրվում են երկու բուռն դարաշրջաններ՝ 1919 և 1991 թվականները․ երկիրը հրաժեշտ է տալիս իր առաջին կինոաստղ Վերա Խոլոդնայային, իսկ խորհուրդների համագումարում բարձր ամբիոնից հնչում է Սվետլանա Գորյաչևայի հետադիմական ելույթը։

Եվս մեկ կարևոր տարր հեգնական-պոետիկ տեսանամակներն են, հասցեագրված գերմանացի ֆեմինիստ Հելկե Զանդերին՝ նոր գերմանական կինոյի առանցքային ռեժիսորներից մեկին։ Դրանցում խոսվում է թե՛ արևմտյան ֆեմինիստների հետ համերաշխության, թե՛ խորհրդային կանանց սկզբունքորեն այլ փորձառության մասին։ «Նրանց» խնդիրները՝ աշխատանքի իրավունքը, որոշ մասնագիտությունների արգելքը, լեսբիական սերը, անսահման հեռու են, գրեթե աբստրակտ։ Մինչդեռ հեղինակների քայքայվող հայրենիքի բազմաթիվ կետերում գործում են ստրկական օրենքներ, իսկ կանայք ապրում ու աշխատում են դժոխային պայմաններում․ բամբակի դաշտեր Տաջիկստանում, մսամթերքի կոմբինատներ՝ հակասանիտարական միջավայրում, փտող սիբիրյան գյուղեր, կանանց գաղութներ, բարաքներ Չեռնոբիլի ԱԷԿ-ի հարևանությամբ։
Այնուամենայնիվ, ստեղծողները կարողանում են լույսի շող գտնել գրեթե ամենուր և յուրաքանչյուրի մեջ։ Կալանավորը խոսում է սիրո մասին, կոմբինատի աշխատողը՝ ուժի և դիմացկունության։
Փոփոխությունների շրջան՝ հույսերի շրջան։ Հեղինակների հայացքը ուղղված է ապագային, և այդ ապագան, չնայած ամեն ինչին, թվում է լի ազատությամբ և նոր հնարավորություններով: Երեսունհինգ տարի անց, երբ ֆիլմի հեղինակների և հերոսների երկրներում իշխում են ավտորիտար ռեժիմներ և ընթանում են պատերազմներ, «Նարնջագույն ժիլետների» լավատեսական երանգավորումից միայն դառը նստվածք է մնում:
